ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական նավերը Կասպից ծովում

Հայկական նավերը Կասպից ծովում
13.01.2024 | 11:40

1889թ. Կասպից ծովով փոխադրում էր իրականացնում 1 մլն 330 հազ. փութ ընդհանուր բեռնատարողությամբ 34 շոգենավ։ Դրանցից 7-ը պատկանում էին հայերին (Ավետյանի «Վասպուրական» և «Էվելինա», Կոլմանյանց եղբայրների ու Բունիաթյանի «Սպասատել», Փարսադանյանի «Գրիգորյան», Թումայանի «Սերյոժա», «Արշակ» և «Կոնստանտին»), որոնց բեռնատարողությունը կազմում էր 249.524 փութ (18,7%)։ Երեք ադրբեջանցիներ ունեին 6 նավ՝ 192.271 փութ բեռնատարողությամբ (14,4%)։ Նույն թվականին կային հատուկ շոգենավեր, որոնք միայն կերոսին էին տեղափոխում. դրանք 20-ն էին՝ 750 հազ. փութ ընդհանուր բեռնատարողությամբ։ Այդ նավերից 5-ը պատկանում էին հայերին («Հայկական շոգենավային ընկերության» «Արմենյակ», Առափելյանի «Ռաֆաիլ», Թումայանի «Ադմիրալ», «Լազար», «Կոնստանտին») և ունեին 156.821 փութ (20,4%) բեռնատարողություն։

Ադրբեջանցիները նման նավեր չունեին։

1893թ. «Ե.Գ. Փիթոյան» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության սեփականատեր, թիֆլիսաբնակ Եսայի Փիթոյանի «Մասիս» շոգենավային ընկերությանն էին պատկանում «Վան», «Մուշ», «Անի», «Սևան», «Մասիս», «Զանգի», իսկ Թումայան եղբայրների շոգենավային ընկերությանը՝ «Մուխսախա» և «Թուման» նավերը։

1912թ. Բաքվում կար 66 նավատեր անհատ և ընկերություն, որոնցից 14-ը հայեր էին և ունեին 24 նավ։ Դրանք էին. Հակոբ և Հովհաննես Ավետյանները («Մենաստան»), Հ.Ադամյանը («Վահան»), «Հայկական շոգենավային ընկերությունը» («Աշոտ Երկաթ», «Ամասիա»), Բունիաթյան եղբայրները («Բենարդակի», «Բունիաթ», «Նիկոլայ»), «Վոլգա» ընկերությունը («Արծիվ Վասպուրականի»), «Ապրանքային պահեստների արևելյան ընկերությունը» («Սևան», «Վան»), Ավետիս Ղուկասյանը («Թամարա»), Մ.Ղուկասյանը («Աննա»), «Անդրկասպյան առևտրաարդյունաբերական ընկերությունը» («Վասպուրական»), Եղիսաբեթ Սարգսյանը («Գրիգոր Արծրունի»), «Սարուխան-Քռի բաժնետիրական ընկերությունը» («Սարուխան», «Սերյոժա»), «Հ.Մ.Տեր-Հակոբյան» ֆիրման, («Գադիր-Հուսեյնով»), Տեր-Ստեփանյանը և Կոլմանյանցը («Արշալույս»), Խ.Թումայանը («Տատյանա») և «Գ.Մ.Լիանոսյանի որդիներ» ընկերությունը («Ռաբոտնիկ», «Մարտին», «Պիրոգով», «Օտվաժնիյ», «Սիֆիդրուտ»)։

Կուզենայի ուշադրություն հրավիրել մի տարօրինակ իրողության վրա. մի շարք ադրբեջանցիներ իրենց նավերը կոչել էին հայկական անվանումներով։ Օրինակ, Աշուրբեկովի և Ջաֆարովի նավը կոչվում էր «Ավետիք», Բաբաշևինը՝ «Մասիս», Կուլիևինը՝ «Արշակ» և «Խրիստոֆոր», Մամեդովինը՝ «Արարատ»։ Ավելին, Ռոտշիլդների «Մազութ» ֆիրմային պատկանող նավը կրում էր «Արամայիս», իսկ «Ռուս» («Русь») ֆիրմայինը՝ «Արմենիա» անվանումը։ Դժվար է այս իրողությունը բացատրել, կարելի է միայն ենթադրել, որ դա կամ հայերի հանդեպ հարգանքի դրսևորում էր, կամ հայերը պարզապես համատերեր էին։

Կասպից ծովում ամենախոշոր առևտրային նավագնացային ընկերությունը ռուսական «Կավկազ ի Մերկուրին» էր։ Ուշագրավ է, որ դրան պատկանող բազմաթիվ նավերի թվում կային այսպիսի անվանում ունեցողներ՝ «Արմյանին», «Անի», «Փամբակ», «Զանգ», «Մուշ», «Արագ», «Գրիգորյան»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարում` Եղիսաբեթ Սարգսյանի «Գրիգոր Արծրունի» շոգենավն է, որ կառուցվել էր Անգլիայում։

Դիտվել է՝ 37820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ